«Նաիրի» երաժշտական այգի
Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրում, 2017թ-ի սեպտեմբեր ամսից գործում է «Նաիրի» երաժշտական այգին։ Այն իրենից ներկայացնում է հայ երաժշտությունը, երգարվեստը, նվագարանները, պարը խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 քարե (հայկական տրավերտին) արձաններ (2․0-2․2մ բարձրությամբ), հիմնաքարերը՝ բազալտից (0․4մ)։
Այգում տնկվել են ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունների, երաժշտական ընկերությունների, թատրոնների, կոլեկտիվների և հայ երաժշտության ականավոր գործիչների անվանական ծառեր (կաղնու տնկիներ՝ շուրջ 40 հատ)։
Հային ճանաչելու համար պետք է ճանաչել նրա երաժշտությունը։
Այսօր «Նաիրի» երաժշտական այգին համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը, այն հայ երաժշտարվեստը ներկայացնող հրաշալի կոթող է և մեր երկիր է հրապուրում բազմաթիվ զբոսաշրջիկների։
«ՆԱԻՐԻ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՅԳԻՀամայնապատկեր
Ըստ նախագծի հեղինակների մտահղացման՝ այգին՝ վերևից իր ճեմուղիներով, արձաններով, ծառերով, ընդհանուր համայնապատկերով նմանվում է ջութակի կիսաիրանի։ Այգու մտահղացման և իրականացման հեղինակն է մշակութային գործիչ Սամվել Հարոյանը, հովանավորը՝ Գրիգոր Ղուկասյան և Աննա Մարտիրոսյան զույգը։
Ճարտարապետներն են՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը։ Քանդակագործն է՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Յուրի Պետրոսյանը։ Հայ երաժշտությունը հայի սրտից բխած ճիչն է, ուրախության և տխրության ընկերը, կյանքի ուղեկիցը, պատմական հիշողությունը։ Այն հայ ժողովրդի մշակույթի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, սկիզբ է առել նրա հետ միասին և, որպես ստեղծագործ մտքի գեղարվեստական արտացոլանք՝ սերունդների միջոցով եկել, հասել է մեր օրերը։